Տեղյակ չեմ Սոնայի գործի ընթացքից, բայց չեմ տեսնում պատճառ, որ որդուս հետ կապված գործը չքննվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Լեո-Պարոնյան փողոցների հատման կետում իր ավտոշարասյան արագ ընթացքի հետևանքով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի ընթացքից, այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։
«Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի հոր հետ, ինքն ասել է, որ իրավական ընթացակարգով տեղի կունենա ամեն ինչ։ Ես հիմա, ճիշտն ասած, չգիտեմ, թե արարքը ոնց է որակվել և նույնիսկ ինչ հոդվածով է որակվել», - ասաց Փաշինյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիա են անում, թե ընտրովի արդարադատություն է կիրառվում, քանի որ զոհվածի ծնողի գործով զոհ չկա, բայց իր ավտոշարասյան արաքի հետևանքով զոհ կա։
Վարչապետն ասաց, թե տեղյակ չէ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։
«Բնության մեջ այդպիսի պատճառ պարզապես գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով հղի կնոջ էր վրաերթի ենթարկել։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում: