Իրանը մահապատժի է դատապարտել Շիրազի դամբարանում ահաբեկչության մասնակից երկու անձի
Իրանի հարավային Ֆարս նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակմանը մասնակցած երկու անձի։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սեյյեդ Քազեմ Մուսավին, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է РИА Новости-ն։
«Շահ Չերախի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված գործն ունի երկու կողմ՝ առաջինը կապված է իրավապահ մարմինների անփութության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, այս հարցով գործը քննվում է Ֆարսի ռազմական դատարանում, երկրորդ կողմը քննվել է դատախազության կողմից, և ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել։ Այս միջադեպի հետ կապված գլխավոր ահաբեկիչը ձերբակալվել է հենց հարձակման գիշերը, հինգ այլ ահաբեկիչներից երկուսը մահապատժի են դատապարտվել»,- Մուսավիին մեջբերել է Tasnim-ը։
2022 թվականի հոկտեմբերի վերջին հինգ անհայտ անձինք կրակ էին բացել Շահ Շերախի դամբարանի տարածքում։ Ահաբեկիչներից մեկին բռնել էին հարձակման գիշերը։ Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 13 մարդ, 45-ը՝ վիրավորվել։