Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Ամենայն Հայոց Հայրապետության Գահը (լուսանկարներ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տեսություն այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։
«Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի նվիրատուները Սուրբ Էջմիածնի պատմական թեմի՝ Պարսկահնդկահայոց վիճակի ազգայիններն են:
Այս առիթով, տարվույս մայիս 28-ին, ժ. 14:00,Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայոց Հայրապետի նվիրական գահը և նվիրապետական նշանակները» խորագրով (գրանցման համար զանգահարել՝ 010 517-252, ուղարկել հաղորդագրություն Թանգարանների էջին):
Սիրով հրավիրում ենք ի մոտո տեսնելու նվիրական Գահը և լսելու բանախոսությունը»: