Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները․
«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ
Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ։
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը»։