Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել նախագահական ընտրություններում
Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ մայիսի 20-ին, մեկնարկել է արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից (ՅՍԿ) հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:
Հանրապետության սահմանային, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում հնարավոր կլինի քվեարկել մինչև մայիսի 28-ը՝ ժամը 17: 00-ն:
Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական ներկայացուցիչների կողմից՝ անվտանգության բարձր մակարդակով։
Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28 -ին՝ ժամը 17: 00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ: