Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ կարող են անայցագիր դառնալ ռուսաստանցիների համար
Ռուսաստանցիների ուղևորությունների թիվը Մերձավոր Արևելքի երկրներ ընթացքիկ տարում կարող է գերազանցել երկու միլիոնը. մերձավորարևելյան մի շարք երկրների հետ պատրաստվում են անայցագիր խմբային տուրիստական համաձայնագրեր։ Նման հայտարարություն է արել ՌԴ Տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum-2023» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«2023 թվականին, ըստ փորձագետների գնահատումների, ռուսաստանցիների ուղևորությունների թիվը Մերձավոր Արևելքի երկրներ կավելանա մեկուկես անգամ և կկազմի ավելի քան երկու միլիոն», - հայտնել է Վախրուկովը՝ հստակեցնելով, որ անցյալ տարի եղել է ավելի քան 1,4 միլիոն նման այցելություն։
Նա նաև նշել է, որ պատասխանատու գերատեսչությունների կողմից մշակվում է Օմանի, Քուվեյթի, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի հետ անայցագիր խմբային տուրիստական համաձայնագրերի գործարկումը:
Վախրուկովը հավելել է, որ կարևոր է նաև զարգացնել նոր, դեռևս ոչ այնքան տարածում ունեցող ուղղությունների ներուժը՝ Իրան, Կատար, Հորդանան, Սաուդյան Արաբիա։