Ինչպե՞ս է արտահայտվում ականջի վարակը նորածինների մոտ
Ականջի վարակները նորածին և փոքր երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներ են։
Դրանք հիմնականում զարգանում են մրսածությունից հետո (սուր շնչառական վիրուսային վարակ) և երբեմն ուղեկցվում են ջերմությամբ։
Երեխան կարող է ձեռքը տանել դեպի ականջը կամ փորձել քորել այն, սակայն նորածինները չեն կարող ներկայացնել, թե ինչն է իրենց անհանգստացնում, ուստի պարզապես լաց են լինում և անհանգիստ վիճակում մնում, գրում է Aysor.am-ը։
Եթե երեխան ունի ականջացավ և որևէ այլ բան նրան չի անհանգստացնում, խոսեք բժշկի հետ և օգտագործեք համապատասխան դեղորայք։ Մի՛ փորձեք երեխայի ականջը կաթեցնել ձեթ, տարբեր կաթիլներ կամ դնել բամբակե խծուծ, քանի դեռ դա խորհուրդ չի տվել երեխայի բժիշկը։
Ականջի վարակների մեծամասնությունն ունի վիրուսային ծագում, ինչը նշանակում է, որ հակաբիոտիկները անարդյունավետ են։ Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն լավանում են։
Որոշ երեխաների մոտ, հատկապես ականջի կրկնակի վարակներից հետո կարող են զարգանալ լսողության երկարաժամկետ խնդիրներ։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում։
Ըստ միջազգային տարբեր ուղեցույցների, խորհուրդ է տրվում 2-12 տարեկան երեխաների մոտ միջին ականջի վարակը չբուժել հակաբիոտիկներով, քանի դեռ չեն առաջացել ջերմություն և ինքնազգացողության վատացման այլ նշաններ։
Ականջի վարակային բորբոքումները կարող են ընթանալ հետևյալ նշաններով՝
ականջացավ,
ջերմություն կամ գլխացավեր,
ծանրալսություն կամ լսողության կորուստ,
ականջների փակվածության զգացում, որը որոշ դեպքերում ուղեկցվում է ականջներում աղմուկով (տինիտուս),
գլխապտույտ կամ հավասարակշռության խանգարումներ,
սրտխառնոց կամ փսխումներ։
Նորածինների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
ջերմություն (38 °C կամ ավելի),
ականջի շուրջը կարմրություն,
լաց, անհանգստություն կամ գերգրգռված վիճակ,
սովորաբար երեխայի ուշադրությունը գրավող ձայների կամ աղմուկների նկատմամբ անտարբերություն։
Եթե կարծում եք, որ երեխայի մոտ կա ականջի վարակային բորբոքում, անմիջապես կապ հաստատեք մանկաբույժի հետ։