Ռուսաստանի փաստաբանական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի գործընկերների հետ են հանդիպել
ՀՀ փաստաբանների պալատում են հյուրընկալվել Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները՝ ՀՀ ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով։
Ինչպես տեղեկացնում են Փաստաբանների պալատից, հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը, Սանկտ-Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում հյուրերը շրջել են ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ ունեցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:
Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկել են համատեղ գործընկերային հարաբերությունները և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանել են հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել ոլորտին առնչվող առկա մարտահրավերները և հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները՝ դրանց հաղթահարման նպատակով:
Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար: