Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ ևս մեկ ռուսական ավիաընկերության՝ Red Wings-ին, թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ենթադրվում է, որ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով թռիչքները կսկսվեն հունիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։
Ավելի վաղ գործակալությունից թույլտվություն էր ստացել «Ազիմուտ» ավիաընկերությունը, որը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին թռիչքն իրականացրել է այսօր։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու վերաբերյալ։