Այս պահին չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ, սա պետք է հասկանան բոլորը․ Ռուբեն Վարդանյան
Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր խոսքերն ու նույնիսկ ուլտիմատում պարունակող հայտարարությունները։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱՀ նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը։
Գրառումն ամբողջ ությամբ ստորև․
Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեին մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել։
Մենք հիմա մեր սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել, չենք կարող դուրս գալ իրավական դաշտի սահմաններից։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։
Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։
Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել։ Արտաքին վտանգի առջև մենք պետք է բացարձակապես միասնական լինենք։
Երեկ մենք հրավիրեցինք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսը։ Շարժման նպատակն է նպաստել համախմբմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու համար։ Բայց նույն օրը առերեսվեցինք տարատեսակ ուլտիմատումների, հրաժարական տալու, վստահության հանրաքվեներ կազմակերպելու, սոցցանցերն անջատելու մասին հայտարարությունների... Ահա թե ինչ են անում մեզ հետ, հասկացե՛ք։ Մեզ փորձում են միմյանց դեմ հանել, ստիպել զբաղվել ներքին ինտրիգներով, իրավիճակը հասցնել կրիտիկական կետի։ Եվ ուզում են խանգարել մեզ անել այն, ինչ պետք է անենք։
Պետք է կարողանանք մի կողմ դնել էմոցիաները և իրավիճակին ողջամտորեն ու հանգիստ վերաբերվել։ Մենք պետք է չափազանց բարդ խնդրի լուծում տանք, և այդ լուծմանը հնարավոր է գալ միայն բացառիկ միասնություն և համառություն ցուցաբերելով։