Արցախը կարող է մնալ առանց իշխանության. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովասյանի երեկվա անսպասելի հայտարարությունը նոր փոթորիկ է առաջացրել ներքաղաքական դաշտում։ Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։
Թովմասյանը չի բացառել, որ նշված երկու անձինք հրաժարվեն անդամակցել այդ կոմիտեին։ Հատկապես ընդդիմադիր շրջանակներում մտավախություն ունեն, որ նման կոմիտե ստեղծելով՝ ԱՀ իշխանությունները փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունների ծրագիրը՝ գլխատել պետական ինստիտուտները՝ Արցախը հասցնելով Ադրբեջանի կազմում համայնքի կարգավիճակի։
Բանն այն է, որ 90-ականների մոդելով Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը կնշանակի իշխանության բոլոր լիազորությունների փոխանցում այդ կառույցին, որի ձեռքում կկենտրոնանան բոլոր ուժերն ու ռեսուրսները, ինչը հղի է վտանգներով։ Նույն այդ կոմիտեն մի օր կարող է որոշել, որ ինքն է բանակցելու Ադրբեջանի հետ, որ ընտրված իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը ու պետք է հրաժարական տան եւ այլն։ Մյուս կողմից՝ այս հայտարարությամբ Թովմասյանը հայտարարում է, որ կեղծ են այն պնդումները, թե Արցախում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ընդդիմությունը նման հարց էր բարձրացնում, իշխանությունը հակադարձում էր, թե նման պայմաններում վտանգավոր է ընտրությունների գնալը։ Արդյունքում Արցախը կարող է մնալ առանց իշխանության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: