Կրեմլը հաստատել է երկու ամսով հացահատիկի գործարքի երկարաձգումը
Ռուսական կողմը երկու ամսով երկարաձգել է հացահատիկի գործարքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կարող ենք հաստատել, որ ռուսական կողմը նույնպես որոշում է ընդունել երկու ամսով շարունակել այս, այսպես կոչված, սևծովյան գործարքը», - ասել է Կրեմլի խոսնակը՝ նշելով, որ կա որոշ արդյունք Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններում:
Ինչ վերաբերում է «Ռոսսելխոզբանկի» համար երաշխիքներին, Պեսկովը հայտնել է, որ «մշակվում են զանազան տարբերակներ, որոնք համարժեք կլինեն SWIFT-ի ապաարգելափակմանը»։
Նրա խոսքով՝ «կան որոշակի հույսեր մինչ այժմ տեղի ունեցած բանակցությունների հիման վրա»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է հասկանալ, որ նախկինի նման գործարքի ճակատագիրը գտնվում է նրանց ձեռքին, ում հետ ՄԱԿ-ը պետք է համաձայնեցնի գործարքի ռուսական մասը։
«Ճանապարհի որոշակի հատվածն անցել է, արդյունքներ կան, բայց ոչ մինչև վերջ: Կփորձենք այս խնդիրը մինչև վերջ լուծել առաջիկա 60 օրվա ընթացքում», - ամփոփել է Պեսկովը։
Նա նաև մանրամասնել է, որ ամոնիակի և պարարտանյութերի մատակարարումների շուրջ «զրույցները շարունակվում են»: