Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Վրաստանի դեսպանին
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շավարշիձեին և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին:
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև գործընկերային կապերն ընդլայնելու հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով, որ արդեն իսկ նախապատրաստվում է համապատասխան հուշագիր, որը կարևոր նախադրյալ կհանդիսանա իրավապահ համագործակցության ուղղությամբ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վրացական կողմին ներկայացրել է կառույցի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները: Սասուն Խաչատրյանը միաժամանակ վստահեցրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար և առկա է անհրաժեշտ կամք ու ցանկություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում առավել ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կոռուպցիան այլևս ոչ միայն առանձին պետությունների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի կանխարգելման գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև համատեղ գործունեության ակտիվացումը օպերատիվ-հետախուզական աշխատանքներում:
Դեսպան Շավարշիձեն համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացման և ընդլայնման համար: