Ղրիմում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել պայթյունի պատճառով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլի շրջանի երկաթուղու վրա «տեղի է ունեցել պայթյուն՝ կողմնակի անձանց միջամտությամբ»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Вести պարբերականից:
Կոնստանտինովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները. խնդիր է դրված 24 ժամվա ընթացքում երկաթուղու երթևեկությունն ամբողջությամբ վերականգնել։
«Արդեն աշխատանքներ են տարվում, մեկ վագոն արդեն բարձրացվել է: Խնդիրն այն է, որ 24 ժամվա ընթացքում երթևեկությունը լիովին վերականգնվի», - ասել է Կոնստանտինովը՝ նշելով, որ Ղրիմի իշխանություններն արդեն իսկ բախվել են շատ ավելի մեծ մարտահրավերների։
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 18-ի առավոտյան Սիմֆերոպոլի մարզում՝ Չիստենկոյե և Պոչտովոյե կայարանների միջև երկաթուղու վրա դիվերսիա է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով հացահատիկով ութ վագոն դուրս է եկել ռելսերից, տուժածներ չկան։