Շենգավիթի դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված. իրավիճակը երբեմն լարվում է
Այս պահին առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման բողոքարկման քննությունը: Բողոքը քննում է դատավոր Ժորա Չիչոյանը:
Դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն զոհվածի մոր:
Նշենք, որ Գայանեն առողջական խնդիրներ ունի, այսօր առավոտյան նա հացադուլ էր հայտարարել:
Գայանե Մարտիրոսյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է քիչ առաջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։