Մոլդովայում հայտարարել են, որ այլևս Ռուսաստանից մատակարարվող գազ չեն օգտագործում
Մոլդովան այլևս կախված չէ ռուսական գազից, քանի որ կարողացել է հրաժարվել դրա սպառումից` միանալով եվրոպական էներգացանցին: Նման հայտարարություն է արել հանրապետության վարչապետ Դորին Ռեչանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ռեչանը աշխատանքային այցով գտնվում է Ռումինիայում, որտեղ մասնակցում է Սևծովյան և Բալկանյան տարածաշրջանների անվտանգությանը նվիրված համաժողովին։
«Եթե (ավելի վաղ) Մոլդովայի կողմից սպառվող էներգապաշարների 100%-ը եղել է Ռուսաստանից, ապա այժմ հանրապետությունը կարող է դիմակայել՝ առանց Ռուսաստանի Դաշնությունից գազի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումների: Մոլդովան այլևս չի օգտագործում ռուսական գազը: Այն ինտեգրված է եվրոպական էներգետիկ ցանցին ինչպես տեխնիկապես, այնպես էլ առևտրային առումով», - Ռեչանը հայտնել է լրագրողներին։
Մոլդովայում գործում է արտակարգ դրություն, որը հայտարարվել է նաև էներգետիկ ճգնաժամի պատճառով՝ գազի դեֆիցիտի և էներգապաշարների գնի կտրուկ բարձրացման հետ կապված խնդիրների ֆոնին։
«РИА Новости»-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Քիշնևը վերադարձավ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը պատկանող Մոլդովական պետական շրջանային էլեկտրակայանից (գտնվում է չճանաչված Մերձդնեստրի տարածքում) էլեկտրաէներգիայի գնումներին: Ընդ որում, «Մոլդովագազը» Մերձդնեստր է մատակարարում անհրաժեշտ ծավալի «կապույտ վառելիք», իսկ Մոլդովան՝ ինքը, գազն օգտագործում է կուտակված պաշարներից (ավելի քան 200 մլն խմ)։
«РИА Новости»-ն նաև հավելում է, որ 2021 թ. հոկտեմբերին Մոլդովայի իշխանությունները «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել էին երկարաձգել հանրապետությանը գազի մատակարարման պայմանագիրը՝ 2022 թ.-ին «Մոլդովագազ» ընկերության պարտքի աուդիտ անցկացնելու պայմանով: «Գազպրոմ»-ը հաղորդել էր, որ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ «Մոլդովագազ»-ի կողմից վճարային պարտավորությունների և պատմական պարտքի մարման մասին համաձայնագրի կնքման ժամկետների խախտումների պատճառով։