Զոհված զինծառայողի մոր եւ Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվեց. Մելիքյան
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Առերեսումն ավարտվեց։ Հիմա տիկին Գայանեին մեղադրանք է առաջադրվում, իսկ ժամը 23:00-ին նա կներկայացվի Շենգավիթի դատարան՝ ձերբակալման դեմ մեր բողոքի քննությանը»։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։