Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պանամայի դեսպան Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պանամայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադին Հայաստանում Պանամայի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պանամայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և միջազգային հարթակներում փոխգործակցության զարգացման հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությանը:
Երկուստեք շեշտվել է կրթության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի բնագավառներում առկա համագործակցային ներուժի իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը»,- ասված է հայտարարության մեջ: