Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Արցախի նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ հասարակությունը կիրազեկվի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում,«Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ արձագանքելով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն հայտարարությանը, որ Հանրապետության նախագահին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Թովմասյանի խոսքով, եթե այդ մոդելը չաշխատի, նախագահը պետք է կամ հրաժարականի դիմում ներկայացնի, կամ դնի իր վստահության հանրաքվեն:
«Նշեմ, որ մայիսի 15-ից նախագահը հանդիպում - քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Արայիկ Հարությունյանը պատրաստ է լսել Արցախի Հանրապետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերին»,- նշել է Լուսինե Ավանեսյանը և ավելացրել, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ պատշաճ կերպով կիրազեկվի հասարակությունը: