ՀԱՊԿ-ը վերահաստատել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։
«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած տարվա նոյեմբերի նստաշրջանում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Երևանին տրամադրելու հնարավոր օգնություն ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և նրանց արդի տեխնիկական միջոցներով հանդերձելու հաշվին», - ասել է նա: