Մոնտանա նահանգն արգելել է TikTok հավելվածն անձնական սարքերի վրա
Մոնտանան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելել է չինական TikTok հավելվածը բոլոր անձնական սարքերի վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Մոնտանայի նահանգապետ Գրեգ Ջիանֆորտեն օրենքը ստորագրել է մայիսի 17-ին: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
TikTok մեդիա հարթակից արձագանքել են այս որոշմանը՝ նշելով, որ սոցցանցի արգելումը խախտում է Մոնտանայի բնակիչների սահմանադրական իրավունքները:
TikTok-ը հայտնվել է տարբեր երկրների իշխանությունների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մտահոգություններ առաջացան, որ սոցցանցի տվյալները փոխանցվում են Չինաստանի կառավարությանը:
Մոնտանայի օրենսդիրները TikTok-ն արգելելու օրինագծի օգտին քվեարկել էին անցյալ ամիս՝ ձայների 54 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:
Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո հավելվածների խանութներն իրավունք չեն ունենա առաջարկել TikTok հավելվածի ներբեռնումը, սակայն այն մարդիկ, որոնք արդեն ունեն TikTok, կկարողանան օգտագործել հավելվածը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Մոնտանայում TikTok-ն արգելվել էր բոլոր պետական հաստատությունների սարքերի վրա:
TikTok-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ունի 150 մլն օգտատեր: