Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր․ այսօր նախատեսվում է առերեսում Աշոտ Փաշինյանի հետ․ Ռուբեն Մելիքյան
Զոհված զինծառայող Ժորայի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։
ՀԳ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել», - գրել է նա։
Ավելի վաղ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ զոհված զինծառայողի ծնողին՝ տիկին Գայանեին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ են հավաքվել նաև տասնյակ քաղաքացիներ։ Ինչպես նշել է փաստաբանը, ժամը 03։00-ի դրությամբ Գայանե Մարտիրոսյանը դեռ գտնվում էր բժշկական կենտրոնում։