Ո՞ւմ հաշվին են եղել գործուղումները. կառավարությունը թաքցնում է ծախսերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչեւ մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։
Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, նաեւ աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացրել։ Մարտի 17-19-ը նա մեկնել է Կատար, այնտեղ մասնակցել համաժողովի, եւ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը։
Ավանեսյանը մարտին երեք անգամ է գործուղման մեկնել եւ Կատարից վերադառնալուց երեք օր անց մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կրկին համաժողովի մասնակցել։ Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ որեւէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, միայն եղել են հանդիպումներ եւ ելույթներ։ Մարտին եւս մեկ անգամ է գործուղում եղել, այս անգամ էլ՝ մարտի 29-ից 31-ը՝ Շվեյցարիա։
Այսինքն՝ մարտ ամիսը նրա համար բավականին ակտիվ է եղել։ Այստեղ եւս փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն աշխատանքային խմբի մեկնարկ է տրվել հետագա աշխատանքների համար։ Առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի վերջին գործուղումը մինչ այս պահը եղել է Հնդկաստան ապրիլի 25-ից 29-ը, որի ժամանակ նախարարը մասնակցել է գագաթնաժողովի։
Իսկ ու՞մ հաշվին են եղել գործուղումները՝ կհարցնեք դուք. մեծ մասը եղել է պետական բյուջեի հաշվին, որոշ մասը՝ հրավիրող կողմի, սակայն ամենաթափանցիկ կառավարությունը թաքցնում է անդամների գործուղման ծախսերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: