1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա. ինչ կասկածներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված 1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում։
Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: