ԱԳ նախարարը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում են: Նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման նպատակով միջազգային կառույցների կողմից շարունակական հասցեական հայտարարությունների և գործնական քայլերի կարևորությունը: