ԵՄ-ն զգուշացրել է Չինաստանին, որ Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում լուրջ հետևանքներ կլինեն
Եվրամիությունը նախազգուշացրել է Չինաստանին, որ Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում հետևանքները լուրջ կլինեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել է Բրյուսելի և Պեկինի հարաբերություններին նվիրված իր բլոգում։
«Թայվանի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը մնում է հետևողական և հիմնված է «մեկ Չինաստանի» սկզբունքի վրա: Ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխություն և ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի լայնամասշտաբ տնտեսական, քաղաքական հետևանքների, ինչպես նաև անվտանգության ոլորտում հետևանքների: ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի և շփումներ պահպանի Չինաստանի հետ ստատուս քվոն պահպանելու և լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է նա։
Ժոզեպ Բորելը նաև ասել է, որ Չինաստանի տնտեսական, քաղաքական և ֆինանսական ազդեցությունը զգալի է, իսկ ռազմական ուժը սկսում է աճել: Բորելը նշել է, որ ԵՄ-ն չի ցանկանում արգելափակել տարբեր զարգացող երկրների աճը, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ դա չի վնասի ԵՄ-ի շահերին և չի սպառնա եվրոպական արժեքներին և միջազգային կարգին: