Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ բոլոր երկրներում տեղի կունենան հունիսի 6-ից 9-ը
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր պայմանավորվել են, որ Եվրախորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը ԵՄ բոլոր երկրներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
«ԵՄ դեսպանները հենց նոր հաստատեցին Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունների ժամկետը՝ 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը», - նշված է հաղորդագրության մեջ։
2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունները կլինեն 10-րդը 1979 թվականի առաջին ուղղակի ընտրություններից հետո և առաջինը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Brexit-ի արդյունքում 2020 թվականի հունվարին թագավորության պատվիրակության 27 տեղերը բաշխվեցին մյուս երկրների միջև։ Մնացած 46 տեղերը վերացվեցին, ինչից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 751-ից կրճատվեց մինչև 705-ի: Սակայն 2023 թվականի փետրվարին Եվրախորհրդարանում հաշվետվության նախագծում առաջարկվել է կրկին մեծացնել պատգամավորների թիվը, որպեսզի արտացոլվի բնակչության ավելացումը:
Յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը որոշվում է քվոտայի սկզբունքով՝ բնակչության թվին համամասնորեն։ Ամենաշատ պատգամավորական մանդատներ ունի Գերմանիան, իսկ ամենաքիչը՝ Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը։