Ստեփանակերտում կայացել է «Բարեկենդան» մանկական ներկայացման առաջնախաղը
Մայիսի 17֊ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն- ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կողմից կազմակերպվել է «Բարեկենդան» ներկայացման առաջնախաղը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկային ստուդիայի հիմնադիր-ղեկավար Արմեն Գաբրիելյանը նշեց` ներկայացումն առանձնահատուկ է նրանով, որ կազմակերպվել է արցախյան բարբառով և ինտերակտիվ տարբերակով։
«Ինտերակտիվ ներկայացումների յուրահատկությունն այն է, որ կոտրվում է չորրորդ պատը՝ հանդիսատեսի և բեմի միջև` հանդիսատեսին ևս մասնակից դարձնելով ներկայացմանը: Մեր օրերում, երբ շրջափակման առաջ բերած խնդիրներին հաղորդակից են դառնում նաեւ երեխաները, պետք է հնարավորինս փոխել նրանց շրջապատող միջավայրը»,- նշել է մեր զրուցակիցը` հատկապես շրջափակման պայմաններում կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը:
Ա. Գաբրիելյանի խոսքով` ներկայացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս, իրավիճակով պայմանավորված, բախվել են մի շարք խնդիրների, սակայն դրանք, բարեբախտաբար, հաջողվել է հաղթահարել:
Նա շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի կենտրոնի աշխատակազմին` ներկայացումը կազմակերպելու նպատակով դահլիճը տրամադրելու համար և իրազեկեց`«Բարեկենդան»-ը փոքրիկ հանդիսատեսի դատին կներկայացվի նաեւ Արցախի շրջաններում։