Ղազախստանն ու Չինաստանը համաձայնագիր են կնքել առանց վիզայի այցելությունների վերաբերյալ
Ղազախստանը և Չինաստանը միջկառավարական համաձայնագիր են կնքել, ըստ որի երկու երկրների քաղաքացիները՝ զբոսաշրջային և գործնական ուղևորությունների ժամանակ, փոխադարձաբար կազատվեն վիզային պահանջներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 17-ին պետական այցով ժամանել է Չինաստան: Նույն օրը կայացել են նրա բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի ԱԳՆ-ն, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզային պահանջներից ՝ պետական սահմանը հատելու պահից 30 օրը չգերազանցող ժամկետով ուղևորությունների համար: Ընդհանուր առմամբ, նրանց թույլատրվում է վեց ամսվա ընթացքում մնալ առանց վիզայի 90 օր: