«Զոհված զինծառայողների ծնողներին քիչ անց կտանեն քննչական կոմիտե». պատգամավորը մանրամասներ հայտնեց
Ձերբակալված ծնողների մոտ ամեն ինչ նորմալ է, քիչ հետո կտանեն քննչական կոմիտե քննչական գործողություններ անելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ կարգավիճակ չունեն ձերբակալված ծնողները:
«Առանձնապես ինչ-որ բան չի եղել, ինքը հանգիստ եկել, նստել է, իրար հետ զրուցել են: Ծնողների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, նրանց բիրտ ուժով են բերման ենթարկել: Մենք մի ժամ սպասել ենք այստեղ, որ մեզ ու փաստաբաններին թողնեն, որ մտնենք ոստիկանության բաժին: Մեզ բացատրեցին, որ տեխնիկական խնդիր կա»,-ասաց նա:
Պատգամավորը անդրադառնալով վերչջին իրադարձություններին, ասաց, որ երկիրը շատ ծանր իրավիճակում են եւ իշխանությունը չի կարող կանգնեցնել թշնամուն:
«Մենք բազմիցս նշել ենք, որ քանի այս իշխանությունները կան, թշնամին կանգ չի առնելու, փորձելու է իր հաջողությունը զարգացնել, քանի այս դավաճան իշխանությունները կան, այս իրավիճակը շարունակվելու է, լավ բան սպասել չի կարելի, մարդիկ պետք է թմբիրից դուրդ գան եւ հասկանան, որ իշխանությունները չեն կարող կանգնեցնել թշնամիններին»,- ասաց նա:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։
«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին, ըստ որի. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։
Այս պահին ծնողները ձերբակալվել են ու տարվել Շենգավիթի քննչական բաժին։