Աշոտ Փաշինյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ իր ծնողները թուրք են. զոհվածի մայր
Ես չեմ կարծում, որ սա պատահականություն է, ես այստեղ միտում եմ տեսնում: Այս մասին լրագրողնեորի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, պատմելով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին:
«Փաշինյանի տղան որ մոտենա այնտեղ, պարզ է՝ պետք է մոտենանք, խոսենք, անպատվենք, չգիտեմ՝ ոնց հայտնվեց, բայց կարծում եմ՝պատահական չէր: Ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արածների համար, ասել է, որ ոչ մի բան իրենց փոխարեն չի կարող ասել, նաեւ ասել է՝ «իմ ծնողները թուրք են», նաեւ ասել է, որ տնից դուրս է եկել, նրանց հետ կապ չունի»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին էլ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ, իրավիճակը լարված է:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։
«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին, ըստ որի. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։
Այս պահին ծնողները ձերբակալվել են ու տարվել Շենգավիթի քննչական բաժին։