Զոհվածների ծնողները ձերբակալվել են․ Ռուբեն Մելիքյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել․ « «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին»։
Մեզ հետ զրույցում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որը եւս կազմակերպության անդամ է, հերքեց տեղեկությունը նշելով, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն առաջարկել է Աշոտ Փաշինյանին միասին գնալ «Եռաբլուր»։ Աշոտ Փաշինյանը համաձայնել է, նստել մեքենան եւ ընթացքից դուրս նետել իրեն։ Ըստ Գալեյանի՝ ինքը հասցրել է արգելակել մեքենան, Աշոտ Փաշինյանը վնասվածքներ չի ստացել եւ հեռացել է տարածքից։