Հանրային քննարկման է ներկայացվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը
Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ բարելավել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրությունը, պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, բարեփոխել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, բարելավել անչափահասների և կին դատապարտյալների պահման պայմանները, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար մատչելի պայմաններ, ապահովել հավելյալ կամ դիետիկ սնունդ, մշակել վերասոցիալականացման ծրագրեր և այլն:
Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ վերոնշյալ ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ տարբեր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները՝ մասնավորապես տարեկան կամ հրատապ զեկույցներում ներկայացված առաջարկությունները։ Միևնույն ժամանակ, հաշվի են առնվել քրեական բարեփոխումների միջազգային չափանիշները, նորմերը և առաջադեմ միջազգային փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:
Ռազմավարությամբ նախատեսվող բարեփոխումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-draft.am/projects/5725