Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրենն ու երևանյան գրասենյակի ղեկավարը հյուրընկալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում
Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են IDLO-ի հետ համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացմանն ու միջազգային փորձագետների ներգրավմամբ փորձի փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի խոսքով՝ վերջին շրջանում կառույցի աշխատակիցների համար IDLO-ի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվող դասընթացներն իսկապես ծառայում են իրենց նպատակին՝ տալով շոշափելի արդյունքներ և նպաստելով մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:
Աշխատանքային այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող IDLO ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոն և կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոն շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել իրենց պատրաստակամությունը Կոմիտեի հետ գործընկերային կապերի ընդլայնման ու վերապատրաստման տարբեր ծրագրերով աջակցելու հարցում՝ դրանք համարելով հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ: