Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը
Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցում են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։
Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։
Պուտինն ավելի վաղ նշել էր, որ այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին, այլև համաշխարհային առևտրի բոլոր մասնակիցներին, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից «դա զգալի լրացում է Սուեզի ջրանցքին և սևծովյան նեղուցներին»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը «էժանացնում է երթուղին, նշանակում է նաև, որ ապրանքների վերջնական գինն ավելի ցածր կլինի»: