Մի վախեցեք սխալվելուց. ՆԱՍԱ-ի անդրադարձը «Ժամանակակից պատմությունը կերտող» Դավիթ Ավանեսյանին
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունն իր կայքում «ՆԱՍԱ-ի ժամանակակից պատմության կերտողները» բաժնում հոդված է հրապարկվել հայազգի Դավիթ Ավանեսյանի վերաբերյալ: Վերջինս գլխավորում է Քլիվլենդում ՆԱՍԱ-ի «Գլեն» հետազոտական կենտրոնում կարիերայի սկզբնական փուլում գտնվող մասնագետների թիմը:
Դավիթ Ավանեսյանը յուրահատուկ մոտեցում ունի բարձր արդյունավետությամբ թիմ ստեղծելու հարցում: Նա խրախուսում է այն, ինչից մյուսները սովորաբար փորձում են խուսափել՝ ձախողումը:
Նրա թիմը կենտրոնանում է X-57 Maxwell-ի և Subsonic Single Aft Engine-ի պես էլեկտրիֆիկացված օդանավային շարժիչների նախագծերի համար առաջադեմ շարժիչային բաղադրիչների մշակման վրա:
«ՆԱՍԱ-ում աշխատելու շատ ավանդական ձև կա: Դա ներառում է շատ ժամանակի ծախսում դիզայնի ստեղծման, վերլուծության և ստուգման վրա՝ նախքան առաջին նախատիպը կառուցելը: Մինչդեռ իմ մոտեցումը շատ տարբեր է», — իր աշխատանքի մասին ասել է Ավանեսյանը։
Վերջին յոթ տարվա ընթացքում նա կիրառել է արագ զարգացման մեթոդը, որը ոգեշնչված է լայնորեն օգտագործվող ծրագրային նախագծերի կառավարման ռազմավարությունից. մեթոդը ենթադրում է, որ նրա ինժեներները հաստատում են նվազագույն կենսունակ դիզայն և այնուհետև շատ արագ մշակում են նվազագույն կենսունակ արտադրանք:
«Առաջին անգամ ինչ-որ բան նախագծելիս ձախողվելու հավանականությունը շատ մեծ է՝ անկախ նախնական մտածողության և վերլուծության ծավալից: Պարզապես արագ և հաճախ ձախողվելն ավելի արդյունավետ է: Ինժեներների, հատկապես երիտասարդ ինժեներների համար դժվար է այդքան հաճախ ընդունել ձախողումը, ուստի ես փորձում եմ թիմում ներշնչել, որ ձախողվելը նորմալ է, եթե զուգահեռ շատ ես սովորում և երկարաժամկետ հեռանկարում արդյունքը դրական է»,- ասել է Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ մշակույթի այս փոփոխությունը հնարավոր է երկու գործոնի պատճառով. իր թիմը միասին աշխատում է լաբորատորիայում՝ տեխնիկների և փորձառու մասնագետների կողքին, ինչը հեշտացնում է խնդիրների լուծումը և ստեղծում ընկերական հարաբերություններ: Նրա թիմի անդամներից շատերը նոր են սկսում իրենց կարիերան, ինչը, Ավանեսյանի կարծիքով, նրանց թույլ է տալիս լինել ճկուն և արագ հարմարվել փոփոխություններին և աշխատանքային նոր մշակույթներին:
Ավանեսյանի համար օտար չէ սովորել, թե ինչպես հարմարվել նոր մշակույթներին: Նա 18 տարեկանում նախկին Խորհրդային Միությունից գաղթել է ԱՄՆ։ Ընտանիքի ֆինանսական վիճակի պատճառով Ավանեսյանը երեք տարով դադարեցրել է էլեկտրատեխնիկայի ոլորտում ուսուցումը՝ աշխատելով հաճախորդների սպասարկման բնագավատում՝ գումար վաստակելով և անգլերեն սովորելով: Նրա կյանքի այս հատվածը ի վերջո ոգեշնչեց նրան դառնալու առաջնորդ:
«Այն, ինչ ես վերցրեցի, տարբեր մարդկանց հետ խոսելու կարողությունն էր, ես սկսեցի կարդալ և սովորել տարբեր անհատականությունների մասին: Ես ուզում էի պարզել, թե ինչպես կարող ենք մենք, միմյանցից այդքան տարբեր լինելով և հաճախ ունենալով շատ տարբեր մոտեցումներ խնդիրների լուծմանը, ավելին արտադրել որպես թիմ»,- նշել է Ավանեսյանը:
Նա առաջ է շարժվել՝ ստանալով բակալավրի, մագիստրոսի կոչումներ և դոկտորի աստիճան Քլիվլենդի պետական համալսարանում: 2010 թվականին, երկու տարի արդյունաբերության մեջ անցկացնելուց հետո, Ավանեսյանը պաշտոն է ստանձնել ՆԱՍԱ-ում և ի վերջո գտել իր կիրքը էլեկտրաֆիկացված օդանավերի շարժիչների ասպարեզում:
Նրանց համար, ովքեր իրենց ապագա կարիերան փնտրում են այս ոլորտում, Ավանեսյանը մի քանի խորհուրդ ունի. «Մի վախեցեք սխալվելուց կամ ձախողվելուց. այդպես ենք մենք աճում և դառնում ավելի լավը: Հետազոտության ու ինժեներիայի ոլորտներում, ըստ էության, բավականին հաճախ ձախողվում ես և երբեմն հաջողում ես: Ճանապարհը շատ դժվար է, քանի որ հաճախ ես ձախողվում, և ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես պատկերացնում էիր շատ ժամանակ: Բայց երբ ամեն ինչ ստացվում է, արդյունքներն այնքան դրական են, որ ամեն ինչ արժեն»: