Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆիննական Helsingin sanomat պարբերականից:
«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», - նշում է պարբերականը:
Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։
Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:
Ապրիլի 1-ին ֆիննական Nordea բանկում Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչության կողմից սառեցվել են Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հաշիվները։ Ֆինլանդիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից «РИА Новости»-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանությունը շփման մեջ է Ֆինլանդիայի իշխանությունների հետ և մշակում է Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատանքի ապահովման հնարավոր ուղիները։