Մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա կոկաին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ երեկ էլ հայտնի դարձավ, որ Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից։