Արձանագրված թերություններ, խեղաթյուրումներ․ ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։
Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, օրինակ՝ կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի մարտի 29-ին հաստատվել էր ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, սակայն այդ ծրագրով նախատեսված աշխատանքները և շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, ծրագրի ավարտից հետո տեղազննության արդյունքները միմյանց չեն համապատասխանում։
Մասնավորապես պարզվել է, որ 36 շահառուների համար ներկայացվել է, որ վճարվել է 611 մլրդ 293 մլն դրամի փոխհատուցում, որը, սակայն, չի համապատասխանում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ պարզաբանումներին։ Մեկ այլ դեպքում 66 պայմանագրերով ոչ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ սուբսիդավորվել են նախատեսված 10 տոկոսային կետից ավելի տոկոսով, իսկ 3 պայմանագրերով էլ՝ նախատեսված 12 տոկոսից ավելի։ Ընդ որում՝ այս և բազմաթիվ այլ արձանագրված խախտումները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: