Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում
Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեին:
Ելույթ ունենալով նավթագազային ոլորտում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների միջև փորձագիտական մակարդակի առաջին նստաշրջանում, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին Թեհրանում, նա նշել է, որ խոշոր համատեղ նախագծեր են սահմանվել իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև:
Մայիսի 16-ին Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում կայացել են նավթագազային ոլորտի իրանական և ռուսական ընկերությունների B2B հանդիպումները:
Մայիսի 17-20-ը Թեհրանում կայանալիք «Իրանի նավթ, գազ և նավթաքիմիական» Iran Oil Show 2023 27-րդ միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն ռուսական «Made in Russia» ազգային բրենդի ներքո գործող 28 ընկերություններ: