Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օրվան (մայիսի 18) նվիրված և «Թանգարանների գիշեր» (մայիսի 20) միջոցառումներին:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, մուտքը 2023 թ. մայիսի 18-ին բաց կլինի կենտրոնի աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-18:00, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00:
Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումներն անցկացվելու են «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նոյեմբերի 22-ին նշվելու է ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի աշխատակազմը այդ օրերին առավել մանրամասն կանդրադառնա հայկական թագավորությունների մետաղադրամներին, Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների դրամական թողարկումներին, այցելուներին կտրամադրվի «Հայկական դրամի տարեգրությունը» տեղեկատվական նյութը:
Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտել դրամի պատմության վերաբերյալ ֆիլմեր, ինչպես նաև «Գնաճի հրեշը» և այլ տնտեսագիտական մուլտֆիլմեր: