Պեմզաշենի դաժան սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է
Մայիսի 10-ին ևս երկու ամսով երկարաձգվել է Պեմզաշենում ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրվող Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։
«Այս պահին որևէ նոր բան չկա»,-ասաց նա։
Մեր հարցին ի պատասխան փաստաբանը նաև նշեց, որ մինչ օրս առերեսում չի եղել:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում: