Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով
Վրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունից և անայցագիր ռեժիմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ 7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։
«Այն ժամանակ, երբ մեր տարածքի 20%-ն օկուպացված է, և երբ տեղի է ունենում Ուկրաինայի ոչնչացում, մենք իրավունք չունենք նվերներ ընդունել Ռուսաստանից: Ավիահաղորդակցության մեկնարկը և անայցագիր ռեժիմի ընդունումը վնասում են մեր հեղինակությունը», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին:
Ներկաների մոտ եղել են պաստառներ՝ երկրի ղեկավարությանը «ռուսական ամեն ինչից հրաժարվելու» կոչով։ Դրա հետ մեկտեղ, ցուցարարների պահանջներից մեկը եղել է Վրաստան ռուսաստանցիների մուտքի սահմանափակումներ մտցնելը։
Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան փակ չի եղել հավաքվածների սակավության պատճառով, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել հանրահավաքին։