Տղամարդը նշել է իր 107-ամյակը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը
Նոր Զելանդիայի ամենատարեց բնակիչը նշել է իր 107-ամյակը և բացահայտել երկար կյանքի գաղտնիքը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ջեք Քոուն ծնվել է 1916 թվականի մայիսի 11-ին։ Վերջերս նորզելանդացին իր 107-ամյակը նշեց իր ընտանիքի և անձնակազմի հետ Սուրբ Ջոնս ծերանոցում, որտեղ նա ապրում է: Խնջույքի հյուրասիրություններից մեկը կարամելային ադիբուդին էր՝ տորթի տեսքով: Տղամարդը կարամելային ադիբուդին և գարեջուրը երկարակեցության գլխավոր գաղտնիքներն է անվանել։
Քոուն միայն չորս ամիս առաջ է տեղափոխվել ծերանոց: Մինչ այդ նա ապրում էր ինքնուրույն, սակայն մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝ տեսողության վատթարացման պատճառով դա անհնարին դարձավ։
Տղամարդը ծնվել և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլս քաղաքում։ 1950 թվականին կնոջ՝ Թորայի հետ միասին նա տուն է կառուցել, որտեղ երկու երեխա են մեծացրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քոուն հսկել է Նոր Կալեդոնիայում գտնվող ամերիկյան ավիաբազան։ Հետագայում նա նկարչական և դեկորատիվ բիզնես է վարել։
Նորզելանդացին թոշակի է անցել ավելի քան 40 տարի առաջ՝ 64 տարեկանում: Նրա հիմնական հոբբիները որսն ու ձկնորսությունն էին, որով նա շարունակել է զբաղվել մինչև իր 100-ամյակը։