ԵՄ-ն հույս է հայտնել, որ Չինաստանը դրական դեր կխաղա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում
ԵՄ-ում հուսով են, որ Չինաստանը կարևոր դեր կխաղա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում և դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխանելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի՝ Ռուսաստան, Ուկրաինա և եվրոպական երկրներ ուղևորության վերաբերյալ հարցին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Չինաստանը դրական դեր կխաղա (Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում)», - երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միշելը:
Միշելի կարծիքով՝ Պեկինը կարող էր Մոսկվային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և «հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը»։
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չինաստանն այս դեպքում կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցության պատճառով։ Նրա կարծիքով՝ կարգավորման հարցում առաջին հերթին հարկավոր է լսել ուկրաինական կողմին։
«Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա: Սա նախագահ Զելենսկիի առաջարկն է, և սրանք այն հիմքերն են, որոնց վրա մենք պետք է աշխատենք», - ասել է ֆոն դեր Լայենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ բոլոր կողմերի հետ բանակցելու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծման շուրջ։
Մարտին Չինաստանը ներկայացրել է ուկրաինական կարգավորման`12 կետից բաղկացած իր պլանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների հիման վրա և շահագրգիռ բոլոր կողմերի մտահոգությունները հաշվի առնելով։