Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի` հուլիսին կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում կայացած վեցերորդ «Ժողովրդավարության գագաթնաժողովում»։
«Մեր պատմության մեջ երկրորդ անգամ մենք հրավիրում ենք պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Նոր Զելանդիայից և Ավստրալիայից: Դա ցույց է տալիս, որ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ՆԱՏՕ-ի համար այն, ինչ կատարվում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ուստի մենք ամրապնդում ենք մեր գործընկերությունը նրանց հետ», - ասել է նա։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում նախատեսված է հուլիսի 11-12-ը: