Հյուսիսկորեացի հաքերները 2017 թ.-ից 720 մլն դոլարի կրիպտոարժույթ են հափշտակել Ճապոնիայի հաշիվներից
Հյուսիսային Կորեայից չարագործների խմբերը 2017 թվականից շուրջ 720 միլիոն դոլար գումարի կրիպտոարժույթ են հափշտակել Ճապոնիայում բացված հաշիվներից: Ճապոնացիներից գողացված միջոցները կազմում են այդ ընթացքում միջազգային շուկայում ԿԺԴՀ-ի ցանցահենների կողմից գողացված կրիպտոակտիվների ընդհանուր արժեքի մոտ 30%-ը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Nikkei պարբերականից:
Բացի դրանից, շուրջ 540 միլիոն դոլարի կրիպտոարժույթ է հափշտակվել Վիետնամի քաղաքացիներից, ևս 497 միլիոն դոլար՝ ԱՄՆ քաղաքացիներից և 281 միլիոն դոլար՝ Հոնկոնգից: Ընդ որում, Ճապոնիան և Վիետնամն, ըստ հրատարակության, գլխավորում են այս ցուցակը թվային արժույթների աճող ժողովրդականության և տեղական ընկերությունների համակարգչային համակարգերի խոցելիության պատճառով։
Ըստ Ճապոնիայի Արտաքին առևտրի կազմակերպության տվյալների՝ երկրից գողացված 721 միլիոն դոլարը 8.8 անգամ գերազանցում է 2021 թվականին Հյուսիսային Կորեայի ընդհանուր արտահանման գումարը:
Ըստ Nikkei-ի՝ կիբերհարձակումները կարող են Հյուսիսային Կորեայի կողմից օգտագործվել որպես երկրի բյուջեի համալրման միջոց՝ պատժամիջոցների շրջանցմամբ։ Փհենյանը նաև կարող է ստացված միջոցներն օգտագործել իր հրթիռային ծրագրի ֆինանսավորման համար:
Ապրիլի 7-ին Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները Սեուլում կայացած հանդիպմանն անհանգստություն են հայտնել ԿԺԴՀ-ի հաքերների կիբերհարձակումների կապակցությամբ: Նրանք նաև ընդգծել են Փհենյանի «եկամուտների անօրինական հոսքերի արգելափակման համատեղ ջանքերի» կարևորությունը: