Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդում քննարկել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների զարգացումը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք մի ամբողջ շարք էական մրցակցային առավելություններ ունենք նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ՝ հասնելու զարգացման դրական արդյունքների բազմաթիվ ոլորտներում, առաջին հերթին՝ տնտեսական գործունեության, տնտեսության ոլորտում՝ ընդհանուր տրանսպորտային համակարգեր, էներգետիկ համակարգեր, լեզվական խոչընդոտի բացակայություն և այսպես շարունակ»,- թվարկել է երկրի ղեկավարը։
ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել կապերի հետագա զարգացումը. «Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչ կարելի է և պետք է լրացուցիչ անել, որպեսզի մեր համատեղ աշխատանքում լավագույն արդյունքների հասնենք՝ ի շահ մեր պետությունների զարգացման»։