Կրակոցներ ու վիճաբանություն՝ Ամիրյան փողոցում․ 4 երիտասարդ է ձերբակալվել
Մայիսի 13-ին, ժամը 23.30-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն է, լսվում են կրակոցներ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնում է դեպքի վայր, տեղյակ են պահվում նաև պարեկները:
Միջադեպի հնարավոր զարգացումը հաջողվում է կանխել, և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվում ու բաժին է տեղափոխվում 18-20 տարեկան գյումրեցի չորս երիտասարդ: Ըստ նախնական տվյալների` երիտասարդների վեճը միջանձնային բնույթի էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի մեկ պարկուճ, երկու փամփուշտ և դանակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: