Գյումրեցի տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը. ոստիկանները զինաթափել են նրան
Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը:
Մյասնիկյան փողոցի նշված հասցե ոստիկանության Կումայրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: